«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ԵՍԱՅՈՒ ՄԵՍԻԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՍԱՅՈՒ ՄԵՍԻԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13.11.2009 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

ՀԻՍՈՒՍԻ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

Քանզի մեզ համար մի մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն Իր ուսերի վրա պիտի լինի. Նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի (9.6)։
ԿԱՏԱՐՈՒՄ
Նրանցն են նահապետները, նրանցից է նաև Քրիստոս` ըստ մարմնի. և Նա՛ է բոլորի վրա հավիտյանս օրհնյալ Աստված։ Ամեն (Հռոմ. Թ 5)։
Ծնթ. Աստված Ամենասուրբ Երրորդությունն է` Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված։ Հիսուս Ամենասուրբ Երրորդության երկրորդ անձն է և համագո է Հորը և Սուրբ Հոգուն։ Համագո նշանակում է միևնույն գոյությունն ունեցող, հետևաբար, Երեքը առանձին-առանձին երեք աստվածներ չեն, այլ Մի Աստված։ Ս. Ն. Շնորհալին ասում է. «Մի բնություն, մի աստվածություն, մի իշխանություն` համապատիվ և զուգափառ. որևէ մեկից չեղած (այսինքն` չստեղծված), սկիզբ և վերջ չունեցող, այսինքն` հավիտենական»։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իր «Ամենասուրբ Երրորդություն» ճառում գրում է. «Հոգևոր [էակների] իմաստությունը չի կարող հասնել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այլ Մի Աստվածությունն ամենազոր Տերությունն անմարմինների և մարմնավորների համար Իր գործերից և երախտիքներից է իմացվում ու ճանաչվում։ Քանզի ինչպես մի արեգակի մասին է ասվում` արև, լույս և ջերմություն, և ոչ` տարբեր, և ինչպես մի բնություն են ասվում աղբյուրը, ջուրը և գետը, նմանապես էլ միտք, խոսք և հոգի է իմացվում [մի] մարդու մեջ, նույնպես էլ այստեղ պետք է իմանալ Հոր, Որդու և Սուրբ Հոգու Մի բնության և Աստվածության մասին։ Քանզի արեգակն առանց լույսի և ջերմության չէ, ոչ էլ աղբյուրը` առանց ջրի և բխման, ոչ էլ միտքը` առանց խոսքի և հոգու. նույնպես էլ Հայրը [երբևէ] առանց Որդու և Սուրբ Հոգու չէ»։
Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ. և առանց Նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը Նրանով էր։ Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր (Հովհ. Ա 1-3)։

ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Դրա համար էլ այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար` նրա հիմքում, և ով որ հավատա նրան` չի ամաչի» (28.16)։
Ծնթ. Անկյունաքարն այնպիսի մի քար է, որի վրա ոչ միայն հենվում է կառույցը, այլև իրար են կապվում այդ կառույցի պատերը, ուստի և ընտրվում էին ամենաամուր քարերը, իսկ հոգևոր առումով` դա ամենայն ճշմարտության և արդարության նեցուկն է` Փրկիչը` Աստծո և մարդկանց միջև բարեխոսը։
Ապա ուրեմն, օտար և պանդուխտ չեք, այլ համաքաղաքացի` սրբերին և ընտանի` Աստծուն, կառուցված առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է (Եփես. 2. 20)։
Մոտեցե՛ք Նրան` կենդանի Վեմին, Ով, թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծո առաջ ընտրյալ և թանկագին է։ Եվ դուք, իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար, որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգևոր պատարագներ, որոնք հաճելի կլինեն Աստծուն. քանզի գրքում էլ կա (տե՛ս վերոբերյալ մարգարեությունը)։ ՈՒրեմն, ձեզ` հավատացյալներիդ համար` թանկագին վեմ, իսկ անհավատներին` «Այն վեմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղավ անկյունաքար»։ Ինչպես նաև` «Վեմ գլորման և վեմ գայթակղության», որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները. և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված են» (Ա Պետ. Բ 4-8)։

ՀԻՍՈՒՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՎՉԱՐԱՐ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
4. Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։
5. Բայց Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց, և՛ Նրա վերքերով մենք բժշկվեցինք։
6. Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, բայց Տերը Նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
7. ՈՒ Նա վշտից Իր բերանն անգամ չի բացում։ Ինչպես ոչխար` Նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ` անմռունչ կանգնած է խուզողների առաջ և Նրա նման իր բերանը չի բացում...
8. Երկրի վրա վերջ տվին Նրա կյանքին. Իմ ժողովրդի անօրենությունների պատճառով Նա մահվան մատնվեց։
11. Իր հոգու տառապանքների արդյունքը պիտի տեսնի. Իր գիտությամբ Իմ արդար ծառան շատերին պիտի արդարացնի և նրանց անօրենություններն Ինքը պիտի կրի։
12. Ահա թե ինչու Նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև Նրա անձը մահվան մատնվեց և Նա հանցավորներին հավասար համարվեց։
Նա շատերի մեղքերը կրեց և հանցավորների համար միջնորդ եղավ (Հատվածներ ԾԳ գլխից)։
Ծնթ. Ս. Հ. Ոսկեբերանը գրում է, որ Հիսուս անմեղ ու անարատ էր, և ոչ թե Իր, այլ համայն աշխարհի մեղքի համար էր տանջվում։ Իսկ նույն մարգարեության 5, 6 համարները պարզաբանում են ոչ միայն Նրա մահվան պատճառը, այլև նպատակը։ Ըստ նույն կանխասացության` Տիրոջ մահը քավելու է մարդկանց մեղքերը և դուրս է քշելու մարդկանց մեջ բնակված դևերին («Եվ հզորների ավարը պիտի բաժանի»)։
Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց օձը (տե՛ս Թվեր 21.9), այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի, ով Նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը, որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտվի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի (Հովհ. Գ 13-18)։
Հետևյալ օրը նա [Հովհաննես Մկրտիչը] տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29)։
Նա, որ մեր մեղքերն Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. Նա, ՈՒմ վերքերով բժշկվեցիք դուք։ Մոլորյալ ոչխարի պես էիք, իսկ այժմ դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվը և Տեսուչը (Ա Պետ. Բ 24,25)։

ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ԴԱՐՁԸ, ԼՈՒՅՍ` ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻՆ
Ահա Իմ ծառան, որին Ես հաստատել եմ, Իմ ընտրածը, որին հավանել է Իմ հոգին. Ես Իմ հոգին դրել եմ Նրա վրա. և հեթանոսների դատաստանը կտեսնի։ Նա չի աղաղակելու և չի վիճելու, ոչ ոք դրսում Նրա ձայնը չի լսելու, անգամ ջախջախված եղեգը Նա չի ջարդելու և առկայծող պատրույգը չի մարելու, այլ արդարությամբ դատաստան է տեսնելու։ Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ հաստատի իրավունքը երկրի վրա, և կղզիները սպասում են Նրա օրենքին (ըստ Եբր. բնագրի)։
Ես` Տեր Աստվածս, արդարությամբ կանչեցի Քեզ, բռնեցի Քո աջ ձեռքից և զորավոր դարձրի Քեզ, իբրև ուխտ տվեցի Քեզ ժողովրդին և իբրև լույս` հեթանոսներին, որպեսզի կույրերի աչքերը բանաս և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից և զնդանից (42. 1- 6)։
Ծնթ. Կղզիները, ըստ սուրբգրային եզրաբանության, խորհրդանշում են հեռավոր երկրները։
Հիսուս որպես էակից Որդի հավասար է Հայր Աստծուն, սակայն որպես Փրկիչ` Քրիստոս, Հոր կողմից առաքվեց աշխարհ և Մարդու Որդի եղավ ու խոնարհ ծառայի կերպարանք առավ մարդկության փրկության համար։
Ահավասիկ ազգի համար Քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար` իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի չորս ծագերը (49.6)։
Ահա՛ Իմ ծառան իմաստությամբ պիտի վարվի, պիտի մեծանա, բարձրանա և շատ փառավորվի։ Ինչպես որ շատերը զարմանում էին Քեզ վրա նայելով` այնպե՜ս անշքացած էր մարդկային Քո տեսքը և Քո փառքը մարդկանց որդիներից, այդպես էլ բազում ազգեր զարմանալու են Քեզ վրա, և թագավորների բերանները պապանձվելու են, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել (ԾԲ 13-15)։
Ծնթ. Խաչի բարձրության և հեթանոսների` Քրիստոսին հավատալու [համար] է ասվում (Ս.Գ. Տաթևացին)։
Հայտնվեցի նրանց, որոնք Իմ մասին չէին հարցնում, Ինձ գտան նրանք, որոնք Ինձ չէին փնտրում, «Ահա Ես, ահա Ես» ասացի այն ազգին, որն Իմ անունը չկանչեց (ԿԵ 1)։
Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է կանգնելու հեթանոսներին, և Նրա հանգիստը փառահեղ է լինելու (ԺԱ 10)։
Ծնթ. Ս. Հ. Ոսկեբերանի` սույն մարգարեության ընդարձակ մեկնության մեջ ասվում է, որ Տիրոջ խաչելությունից ու հարությունից հետո Նրա տնօրինությունը փառահեղ կլինի, իսկ ավետարանական քարոզն առավել կտարածվի։ Այդ ժամանակից ի վեր աշխարհի բոլոր ծագերում ի լուր ամենքի փառաբանվում է Խաչյալը. թագավորներն ու զորահրամանատարները, քաղաքապետերն ու դատավորները, հասարակ մարդիկ և աշխարհում բնակվող զանազան ցեղեր ու ժողովուրդներ կանչում են Նրա անունը և երկրպագում Նրան, ահա սա է այդ մարգարեական խոսքի («և Նրա հանգիստը փառահեղ է լինելու») նշանակությունը։
Ըստ Սուրբ Ն. Լամբրոնացու. «Արդարև այն օրը, երբ պատարագվեց Գառը` աշխարհի հաշտարարը, սատանայի զորությունը խորտակվեց և ջնջվեց կռապաշտությունը»։
Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդն արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը. և Սուրբ Հոգին էր նրա մեջ։ Եվ Սուրբ Հոգուց հրամայված էր իրեն մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին։ Նա հոգով առաջնորդված` եկավ Տաճարը, և երբ ծնողները բերին Հիսուս մանկանը` Նրա վրա կատարելու ինչ-որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն և ասաց. «Այժմ ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր քո ծառային` ըստ Քո խոսքի. որովհետև աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք` Իսրայելի քո ժողովրդի համար (Ղուկ. Բ 25-32)։
Եվ Հիսուս մոտենալով` խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ ՈՒսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը (Մատթ. ԻԸ 18-20)։
Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում են. «Նախ ձեզ պետք է Աստծո խոսքը խոսեինք. բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները. որովհետև Տերը մեզ այսպես պատվիրեց. «Քեզ դրեցի որպես հեթանոսների լույս, որպեսզի դու փրկության միջոց լինես մինչև երկրի ծագերը (Գործք. 13. 46,47)։

ԱՎԵՏԱՐԱՆԻ ՔԱՐՈԶՈՒԹՅՈՒՆԸ
Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում` ասելով Սիոնին, թե` «Քեզ վրա թագավորելու է Աստված» (ԾԲ 7)։
Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար ուղարկեց Ինձ` ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին` տեսողություն... (61.1)։
Ծնթ. Ավետարան բառն այն իմաստով, որ Հիսուսն էր գործածում, դեռևս գիրք չէր նշանակում, այլ ավետիս` բարի լուր։ Այդ բարի լուրը երկնքի արքայության մասին է, որը հաստատելու և այն մարդկանց տալու համար էլ Հիսուս առաքվեց աշխարհ։ Երկնքի արքայությունը Քրիստոսի արքայությունն է, որի մասին Նա ուսուցանում էր ամենից ավելի և կոչ էր անում բոլորին ապաշխարությամբ ու պատվիրանապահությամբ մտնել այնտեղ։ Այն մարդու համար ամենաարժեքավոր բանն է, քանզի հավիտենական կյանքն է, որը և ձեռք է բերվում մեծ ջանքերի գնով։ Այդ թագավորությունը, սակայն, «այս աշխարհից չէ» (Հովհ. ԺԸ 36)։ Քրիստոս այդ բանը հայտնեց Պիղատոսին, իսկ վերջինիս զինվորները, երբ ծաղրում էին Նրան, դույզն-ինչ չէին կասկածում, որ հենց այդ անարգանքն ընդունելու մեջ Հիսուս բացահայտում էր իր ճշմարիտ աստվածային թագավորական արժանապատվությունը։
Երկնքի արքայությունը մարդկանց մեջ առկա աստվածային ներկայության իրողությունն է։ Այն տրվեց մեզ եկեղեցով, որը հենց այդպես էլ կոչվում է` երկնքի արքայություն երկրի վրա։ Քրիստոս եկեղեցում արդեն իսկ ճանաչված ու փառավորված է, Նրան ծառայում ու երկրպագում են իբրև Աստծու և միակ Թագավորի։
Երկնքի արքայությունը սկսվում է այս աշխարհից, սակայն նրա վերջնական հաղթանակը կկայանա վերջում, երբ Հիսուս կգա Իր փառքով հրեշտակների հետ, կնստի Իր փառքի աթոռին և կզատի բարիներին չարերից։ Այդ արքայությունը կդառնա համաշխարհային և տիեզերական վերջին իրողությունն ամբողջ արարչագործության համար, և Հիսուս կլցնի ամեն բան Իրենով Սուրբ Հոգու միջոցով, «որպեսզի Աստված ամեն ինչ լինի ամենքի մեջ»։
Ժամանակը լրացել է և հասել է Աստծո արքայությունը. ապաշխարեցե՛ք և հավատացե՛ք Ավետարանին (Մարկ. Ա 15)։
Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր արարածներին։ Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԶ 15,16)։
Հիսուս իմացավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա Իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա Իմ թաղվելը կանխանշեց։ Բայց ասում եմ ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին նաև ինչ-որ դա արեց» (Մատթ. ԻԶ 10-13)։
Ծնթ. Ըստ Ս. Հ. Ոսկեբերանի, առաքյալների հաղթությունը կատարվեց ո՛չ զենքի գործածությամբ, ո՛չ դրամով ու մարմնական զորությամբ, ո՛չ զորքի բազմաթիվությամբ և ո՛չ էլ նմանատիպ միջոցներով, այլ հրաշքների զորություն ունեցող հասարակ խոսքով։ Սուրբ Հոգուց ստանալով խոսքի ու հրաշքներ գործելու զորություն և զանազան լեզուների իմացության շնորհ, առաքյալները` նախկին ձկնորսները, մաքսավորը և վրանագործը, մեռածներին դեպի կյանք էին կոչում, մեղսավորներին` արդարության, կույրերին վերադարձնում էին տեսողությունը, մարմիններից դուրս էին մղում հիվանդությունները և հոգիներից` արատները։ Քարոզելով Խաչյալին և հրաշքներ գործելով ու բարբառելով հեթանոսների լեզուներով, նրանք, այսպիսով, հաղթեցին աշխարհին։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ